Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ Անթալիասում (Լիբանան) կայացած Ազգային կենտրոնական և քաղաքական ժողովները դատապարտել են «Հայաստանի իշխանությունների հարձակողական վերաբերմունքն Ամենայն Հայոց կաթողիկոսի և Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների վրա»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Ըստ հոգևոր մարմնի՝ ՀՀ Սահմանադրության մեջ շեշտված է, որ եկեղեցին անկախ է, իսկ եկեղեցու և եկեղեցականների հարցերը պիտի քննվեն եկեղեցականների կանոնադրության համաձայն, պետությունն իրավական հիմք չունի միջամտելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի օր՝ ոչ մի գրառում չի արել Վեհափառի և բարձրաստիճան մյուս հոգևորականների մասին, սակայն նախքան այդ մոտ երկու շաբաթ ամեն օր եկեղեցականների և մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին էր գրում: Սկսել էր վիրավորանքներով, հետո պահանջել, որ Մայր Աթոռը պարզաբանի՝ արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա պնդել, թե զավակ ունի, վերջում էլ Վեհարանը Վեհափառից ազատելու գործողությունների ծրագիր ներկայացրել:

Մայր Աթոռի դիրքորոշումն է՝ եկեղեցական հարցերը՝ եկեղեցական կանոններով: Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետը հայտարարել է՝ հավատում է, որ «խոհեմությամբ, առանց ավելորդ հուզականության պիտի կարողանան հաղթահարել այս դժվարությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը լռում է, բայց եկեղեցու մասին նրա գրառումները վերլուծում են մասնագիտական խմբերը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վեհափառը հավատում է, որ կկարողանան հաղթահարել այս դժվարությունը