Մատչելիության հղումներ

Թրամփը հերքել է Մակրոնին՝ ասելով, որ գագաթնաժողովից իր վաղաժամ մեկնումը կապ չունի հրադադարի աշխատանքների հետ


ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովից իր վաղաժամ մեկնումը «ոչ մի կապ չունի» Իսրայելի և Իրանի միջև հրադադարի շուրջ աշխատանքների հետ: Նման կերպ Դոնալդ Թրամփը հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մեկնաբանությունները, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահը ներկայացրել է հրադադարի առաջարկ։

Մակրոնը «սխալմամբ ասել է, թե ես լքել եմ Կանադայում անցկացվող G7 գագաթնաժողովը՝ Վաշինգտոն վերադառնալու համար՝ Իսրայելի և Իրանի միջև «հրադադարի» վրա աշխատելու նպատակով», գրել է Թրամփը Truth Social հարթակում՝ վերադառնալով Վաշինգտոն։

«Սխալ է։ Նա գաղափար չունի, թե ես ինչու եմ ճանապարհին դեպի Վաշինգտոն, բայց դա հաստատ հրադադարի հետ կապ չունի», – ավելացրել է Թրամփը։

Truth Social-ի իր գրառման մեջ ԱՄՆ նախագահը Մակրոնին անվանել է «հանրային ուշադրություն փնտրող» առաջնորդ և հավելել․ «Ցանկացած դեպքում՝ միտումնավոր թե ոչ, Էմանյուելը միշտ սխալվում է»։

Իրանի և Իսրայելի միջև օդային պատերազմը սկսվել է ուրբաթ օրը՝ այն բանից հետո, երբ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Այդ զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացրել տարածաշրջանում, որն արդեն իսկ լարված էր՝ 2023 թվականի հոկտեմբերին Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG