Իսրայելում , ըստ BBC-ի, շատերն են ցնցված Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումների երկու ալիքներից, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Պաշտոնյաները վերջին ժամերին պարբերաբար հայտարարում են, որ առջևում դժվարին օրեր են սպասվում, և որ Իրանի դեմ հարձակումները կշարունակվեն, թերևս՝ մի քանի շաբաթ. «դրա վերջնական նպատակը, սակայն, մնում է անհայտ», փաստում են արևմտյան լրատվամիջոցները։
Երեկ երեկոյան Իսրայելի վարչապետ Նեթանյահուն սպառնացել է՝ մինչ օրս իրականացված հարվածները «ոչինչ են այն ամենի համեմատ, որ Իրանը կտեսնի առաջիկա օրերին»։
Վարչապետի քննադատները մինչդեռ պնդում են՝ դիվանագիտությունն է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու միակ ճանապարհը։
Իսրայելի հարվածներից հետո Իրանը չեղարկեց ԱՄՆ-ի հետ բանակցությունների վեցերորդ փուլը, որը պետք է կայանար այսօր Օմանի մայրաքաղաքում։ Իրանի արտգործախարար Աբբաս Արաղչին այսօր ասել է, որ որևէ քննարկում չի լինի, քանի դեռ Իսրայելը «բարբարոսական հարձակումներ է իրականացնում»:
Առաջին լուսանկարները՝ Իսրայելի վրա Իրանի գիշերային հարվածներից հետո
Այս պահի տվյալներով, զոհվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։
Իսրայելի նավթավերամշակման գործարանները հայտարարում են, որ Հայֆայում խողովակաշարեր ու փոխանցման գծեր են վնասվել իրանական հրթիռային հարձակումներից։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքն է հրահանգել տարհանման ծանուցումներ ուղարկել Թեհրանի այն բնակիչներին, որոնք ապրում են զենքի արտադրության գործարանների կամ միջուկային օբյեկտների մոտ՝ «նրանց իսկ անվտանգության համար»։
Ավելի վաղ Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերը թիրախավորելիս ևս Իսրայելը նման ծանուցումներ էր ուղարկում տեղացիներին։ Զինվորականները, մասնավորապես, հաճախ նշում էին Բեյրութի այն շենքերը, որոնք հայտնվելու էին հարձակման թիրախում՝ հորդորելով մերձակայքում գտնվող բնակիչներին ժամանակավորապես լքել տարածքը։
«Իրանի բռնապետը Թեհրանը վերածում է Բեյրութի, իսկ Թեհրանի բնակիչներին՝պատանդառում իր ռեժիմի գոյատևման համար», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։