Իրանի պաշտոնյաներից մեկը BBC-ի հետ զրույցում հաստատել է, որ Իսրայելի վերջին հարվածներից տուժել է նաև Պաշտպանության նախարարության՝Սպահանի կենտրոնում գտնվող կենտրոնակայանը։
Սպահանի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ակբար Սալեհին նշել է, որ մինչ այժմ զոհերի մասին չի հաղորդվել, ներկայումս գնահատվում է հասցված վնասը։
Իրանը հայտարարել է, որ ձերբակալել է Իսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսադի երկու գործակալների։ Ըստ կառավարամետ Tasnim լրատվական գործակալության, ձերբակալություններն իրականացվել են Ալբորզ նահանգում։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել։
Թեհրանի փողոցներում սգո պաստառներ են՝ իսրայելական հարվածներից զոհված բարձրաստիճան զինվորականների լուսանկարներով
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքն է հրահանգել տարհանման ծանուցումներ ուղարկել Թեհրանի այն բնակիչներին, որոնք ապրում են զենքի արտադրության գործարանների կամ միջուկային օբյեկտների մոտ՝ «նրանց իսկ անվտանգության համար»։
Ավելի վաղ Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերը թիրախավորելիս ևս Իսրայելը նման ծանուցումներ էր ուղարկում տեղացիներին։ Զինվորականները, մասնավորապես, հաճախ նշում էին Բեյրութի այն շենքերը, որոնք հայտնվելու էին հարձակման թիրախում՝ հորդորելով մերձակայքում գտնվող բնակիչներին ժամանակավորապես լքել տարածքը։
«Իրանի բռնապետը Թեհրանը վերածում է Բեյրութի, իսկ Թեհրանի բնակիչներին՝պատանդառում իր ռեժիմի գոյատևման համար», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։